Մադրիդյան Պրադո թանգարանի փորձագետները հաստատել են, որ «Հովհանես Մկրտիչ» կտավը, որ 120 տարի գտնվում էր Ալմերիայի եկեղեցում, պատկանում է Տիցիանի վրձնին: Արվեստի գործի փորձաքննության մասին թանգարանի աշխատակիցները պատմել են «The Art Newspaper» թերթին, որի նոյեմբերյան համարում մեծ նյութ է նվիրված կտավին: Հաստատվել է, որ 1555 թվագրված կտավը Տիցիանի վրձնած կտավի երրորդ տարբերակն է, որտեղ Հովհաննես Մկրտիչը պատկերված է ծառի կողքին կանգնած, իսկ ոտքերի տակ գառ է պառկած: Վենետիկի ակադեմիայի ցուցասրահի «Հովհաննես Մկրտիչ» բոլոր երեք կտավները Վենետիկի, որ թվագրվում են 1530-1532, նաև Էսկորիալ եկեղեցում պահվող «Հովհաննես Մկրտիչը» (1565-1570) նոյեմբերի 6-ին ցուցադրվել են Պրադոյում:
1555 թ. արվեստի ստեղծագործությունը Պրադոյի հավաքածուում է հայտնվել 1872 թվականին Երրորդության թանգարանից: 19-րդ դարում կտավը համարվում էր 17-րդ դարի անհայտ նկարչի գործ: Կտավը ընծայել էին Կանտորիայի (Ալմերիա) Կույս Կարմենի եկեղեցուն, որտեղ էլ կախված էր մինչև 2007 թվականը:
Ալմերիայում «Հովհաննես Մկրտիչը» գրավեց Միգել Ֆալոմիրի ուշադրությունը: Նա Պրադոյի թանգարանի մինչև 1700 թվականի իտալական ու ֆրանսիական գեղանկարչության դեպարտամենտի ղեկավարն է և թանգարանում Տիցիանի 2003-ին կազմակերպված անհատական ցուցադրության կատալոգում գրել էր, որ կտավը կարող է պատճենը լինել Տիցիանի հիմա արդեն չպահպանված «Հովհաննես Մկրտիչ» կտավի: Այս ենթադրությունը հիմք ծառայեց, որ Պրադոյում սկսվեն կտավի ուսումնասիրման աշխատանքները: Ճիշտ է, կտավը շատ վատ վիճակում էր, բայց փորձագետները եզրակացրին, որ այն ոչ թե պատճեն է, այլ պատկանում է հենց Տիցիանի վրձնին: Կտավի ստեղծման տարեթիվը հնարավոր դարձավ պարզել` շնորհիվ նախապատրաստական շերտի, որը պարունակում է կապարային սպիտականերկ կալցիումի կարբոնատով և 1550-ական թթ. նկարչի ստեղծագործությանը բնորոշ այլ տեխնիկական բաղադրիչներ: Տիցիանի հեղինակ լինելը հաստատում են Հովհաննես Մկրտչի դիրքը և ետին պլանում պատկերված բնանկարի նմանությունը:
Թանգարանի սայթում նշված է, որ վերականգնման արդյունքում հնարավոր դարձավ վերստեղծել Հովհաննես Մկրտչի և շրջակա լանդշաֆտի հակադրությունը: Կտավի կարևորությունը, վերականգնողների գնահատականով, նրա գեղագիտական արժեքը չէ (կտավը խիստ վնասված է), այլ այն, որ կտավը հաստատում է կոմպոզիցիոն թեմաներն ու քայլերը կրկնելու Տիցիանի սովորությունը: Հետազոտողները նկատում են, որ Հովհաննես Մկրտչի սյուժեն Իսպանիայում ամենատարածվածներից էր, ինչը հաստատվում է բազմաթիվ պատճենների գոյությամբ: Ամենավաղ պատճենումները կատարվել են Սարագոսայում. թերևս դա վկայում է, որ կտավի առաջին տերը ապրել է հենց Սարագոսայում:
Որոշ մասնագետներ էլ չեն բացառում, որ կտավը կարող է պատկանել ոչ իտալացի գեղանկարչի, այլ նրա աշակերտների վրձնին: